«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Հայաստանին լուրջ տնտեսական և քաղաքական վնասներ է պատճառելու». Արմեն Վարդանյան
Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Հայաստանին լուրջ տնտեսական և քաղաքական վնասներ է պատճառելու։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ նա ասաց, որ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որ այս նախագիծը լուրջ տնտեսական և քաղաքական դիվիդենտներ ապահովի, նաև փորձելու են այդ նախագծում ներգրավել Իրանին. «Եթե Թուրքիա-Ադրբեջան տանդեմին հաջողվի Իրանին միացնել այս նախագծին, ապա Հայաստանը տնտեսական և քաղաքական առումներով շատ լուրջ մեկուսացման է ենթարկվելու։ Մեզ մոտ անընդհատ նշում են, որ Ադրբեջանի համար սա շահավետ չէ, բայց եթե հաջողվի այս նախագծում ներգրավել Չինաստանին, ապա այս նախագիծը լուրջ շահույթներ կբերի Ադրբեջանին»։
Իրանագետը նկատեց՝ ՀՀ իշխանությունների մոտ միտում կա՝ իրենց ապիկարությունը քողարկել՝ չարախնդալով, թե նախագիծը որևէ հաջողություն չի ունենալու. «Հիմիկվանից զգուշացնում եմ, որ 5-6 տարի հետո ամեն ինչ անելու են, որ Իրանին նույնպես ներգրավեն այս նախագծում։ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ իրանական բեռների մեծ մասն անցնի իր տարածքով:
Որքան էլ տարօրինակ է՝ այս հարցում մեզ կարող է օգնել Վրաստանը, որովհետև այնտեղ շատ լուրջ բողոքներ կան այս նախագծից։ Հայաստանը պետք է Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի շրջանակներում շատ լուրջ համագործակցություն իրականացնի Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի հետ։ Իրանի իշխանությունները, վստահ եմ, որ հենց Հայաստանի տարածքով են ուզում դա իրականացնել, բայց իրանական կողմը չի կարող անընդհատ սպասել»։