«Խոսրովի արգելոցում հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը շարունակվում է, և նորմալ քննություն է ընթանում». Արծվիկ Մինասյան
Խոսրովի արգելոցում հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը շարունակվում է և նորմալ քննություն է ընթանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մեզնից պահանջվող տեղեկատվությունը մենք տրամադրել ենք, գործը նորմալ ընթացքով ընթանում է»,- ասաց նախարարը:
Նա հերքեց, որ հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ իր և արտակարգ իրավիճակների նախարարի կարծիքները չեն համընկնում: Ա.Մինասյանը պնդեց, որ պատճառները չէին կարող լինել բնական երևույթի` կայծակ, ամպրոպ, արդյունք:
Ի պատասխան հարցին` ո՞ւմ էր շահավետ, որ այդ տարածքն ազատվի բուսականությունից, Ա.Մինասյանը հորդորեց՝ «սուրճի բաժակ չնայել», քանի որ բազմաթիվ հնարավոր սցենարներ կարող են լինել, բայց այսօր այդ հարցերը կարող են քննվել քրեական մարմնում` որպես տարբեր վարկածներ:
Նախարարը չհամաձայնեց դիտարկմանը, որ մեր իրականությունում հնարավոր է՝ հրդեհված այդ հատվածը հանվի արգելոցի տարածքից, մեկ այլ հատված ավելացվի:
Հակառակը, ըստ նրա, խնդիր կա Խոսրովի արգելոցի տարածքն ավելացնելու, նոր արգելավայրեր, բուֆերային գոտիներ ձևավորելու, իսկ կենսաբազմազանության պահպանության տեսակետից կան գիտականորեն հիմնավորված հիմքեր, և չի կարող որևէ տարածք մեխանիկորեն առանձնացվել և այլ տարածք մտցվել:
Ա.Մինասյանը նշեց, որ Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ մարդիկ տներ, գերեզմանոցներ ունեն, և այս խնդիրը պետք է լուծվի, որպեսզի թուլացվի մարդկային գործոնի ազդեցությունն արգելոցի վրա