«Քեզ տվել են 3 ձայն, էս մեկը ես եմ, էս մեկը քույրդ է, ա՛յ տղա, սիրուհի է՞լ ունես». Վահե Հակոբյանը` Սամվել Հարությունյանի քննադատությունների մասին
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի հայտարարություններին լուրջ չի վերաբերվում:
Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մարզպետ Վ.Հակոբյանը, Հարությունյանն «անհեթեթություն է խոսում և իրեն չի խանգարի, որ հոգին հերթական դիսպանսերում հետազոտություն անցնի»:
«Նոյեմբերի 6-ին արդյունքները ցույց կտան: Մի հին անեկդոտ եմ ուզում հիշացնել. ընտրությունների հաջորդ օրը կինն ամփոփում է ամուսնու արդյունքները, ասում է` քեզ տվել են 3 ձայն, էս մեկը ես եմ, էս մեկը քույրդ է, ա՛յ տղա, սիրուհի է՞լ ունես: Հիմա այդ վիճակն է, էլի: Այս դեպքում, ենթադրում եմ, նա 2 ձայն կստանա»:
Թե ինչո՞ւ հանկարծ Սամվել Հարությունյանը, որ նախկինում Սուրիկ Խաչատրյանի թունդ ընդդիմախոսն էր, այժմ իր քննադատությունների թիրախ է դարձրել Վահե Հակոբյանին, մարզպետը նշեց, որ Հարությունյանը Խաչատրյանին մի շարք հանցագործությունների մեջ է մեղադրել.
«Անգամ ուզեցել է մատնացույց անել, թե որտեղ են թաղված դիակներ, և այլն, բա հիմա իր նշած մարդիկ ի՞նչ եղան, բազմաթիվ դիակները համբարձվեցի՞ն»:
Վ.Հակոբյանը բացառեց, որ գուցե ինքն էլ փորձի հանդիպել Ս.Հարությունյանի հետ, որպեսզի սուր անկյունները հարթվեն. «Ես նորից եմ ասում` իրենով մի քիչ ուրիշ հիմնարկ պետք է զբաղվի»:
Նրա կարծիքով` այժմ Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը մարզում, հատկապես` ընտրությունների հետ կապված, բացարձակ չկա: