«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը լրամշակվում է
ՀՀԿ խորհրդի նիստում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հնչած բուռն մտահոգությունները փարատելու համար նախագիծն այժմ լրամշակվում է, հստակեցվում են ձևակերպումները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Բնականաբար յուրաքանչյուր օրենքի հետ կապված կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, տարբեր հարցադրումներ և, բնականաբար այս օրենքը, քանի որ արժանացավ բավականին բուռն արձագանքի նաև հանրության կողմից, ապա յուրաքանչյորր բառ և յուրաքանչյուր տառ փորձվեց մեկնաբանել և մեկնաբանել երբերմն ոչ ողջամիտ: Բայց օրենքի հիմքը հետևյալն է` օրենքը չի կարող մեկնաբանվել ոչ ողջամիտ:
Օրինակ` այս օրնքում նշված էր հետևյալ ձևակերպումը` անձին ազատությունից ապօրինի զրկելը, և տարբեր մեկնաբանություններ հնչեցին, որ եթե երեխային թույլ չենք տալիս տանից դուրս գալ, արդյոք սա անձին ազատությունից ապօրինի զրկել չէ և այլն, և երբեմն այդ քննարկումները հասցվում էին աբսուրդի:
Բնական է, եթե այդ աստիճան տարածական մեկնաբանվեին նորմերը, իհարկե, աբսուրդ կլիներ օրենքը և կարելի էր ասել նման մեկնաբանության դեպքում օրենքին ոչ մի դեպքում չի կարելի քվեարկել: Ցավոք սրտի, մենք հայտնվեցինք նման իրավիճակում»,- ասաց Դ.Հարությունյանը:
Նրա կարծիքով` դա շատ հիմնավորված չէր, որովհետև նույն Քրեական օրենսգրքում առկա է բացարձակապես նույն ձևակերպմամբ հոդված, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն այն անձին, ով այլ անձի ապօրինի զրկում է ազատությունից, բայց թվում է, որ քր.օրենսգիրքը պետք է մեկնաբանվի ողջամտորեն, իսկ այս օրենքը` անողջամտորեն:
Ըստ Դ.Հարությունյանի` քանի որ առկա են մտահոգություններ, ուստի այժմ որոշակի աշխատանք են կատարում և փորձում են, հստակեցնելով ձևակերպումները, փարատել կասկածները:
Թե ինչի՞ համար է պետք նոր օրենք, եթե նույն դրույթները կան Քրեական օրենսգրքում՝ հարցին, Դ.Հարությունյանը պատասխանեց, որ այս օրենքի և քրեական օրենքի նպատակներն այլ են. «Քրեական օրենսգրքի նպատակը պատժելն է, այս օրենքինը` կանխարգելել հետագա զարգացումը, խորացումը և սրացումը, և երկրորդը` պաշտպանությունը զոհի: Զոհի պաշտպանությունը ոչ պակաս կարևոր խնդիր է, քանի մեղավորին պատժելը»:
Նախարարը վստահեցրեց, որ օրենքի դրույթներն էապես չեն փոխվելու, պարզապես հստակեցվելու են: Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ում բազմաթիվ օրենքների` դատական, ընտրական և այլ, քննարկումները բավականին բուռն են եղել և դա խոսում է առողջ մթնոլորտի մասին: