«Ոչ ոք չի ցանկանում լինել մարդասպանի թոռ». թուրք լրագրողը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին
Թուրք լրագրող Սերդար Քորուջուն կարևոր է համարում Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների դերը երկու ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու գործում։ Այս մասին Էջմիածնում նա խոսեց լրագրողների հետ, որտեղ մասնակցում էր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիների որոնմանը նվիրված միջազգային համաժողովին։ «Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակություններն այս հարցում շատ մեծ դեր ունեն խաղալու։ Դուք գիտեք, որ մեր երկու երկրների միջև կան քաղաքական ու պատմական խնդիրներ, բայց առավել կարևոր է սոցիալական խաղաղության հաստատումը»,- հաղորդմամբ՝ ասաց նա։
Սերդար Քորուջուն կարծում է, որ դեռևս մոտ չէ այն օրը, երբ թուրք ժողովուրդը կասի՝ «այո ցեղասպանություն եղել է», որովհետև, ըստ նրա, դա երկարատև գործընթաց է։ «Հրանտ Դինքի սպանությունից հետո արթնացում եղավ, շատերը խոսեցին այդ իրողությունների մասին։ Հիմա շատերը գիտեն, որ ցեղասպանություն եղել է, բայց ընդունումն ավելի բարդ գործընթաց է։ Ոչ մեկը չի ուզում իմանալ, որ իրենց տատիկն ու պապիկը մարդասպան են։ Ոչ մեկը չի ցանկանում լինել մարդասպանի թոռ»,-նշեց լրագրողը։ Նրա խոսքով՝ ինչպես իր, այնպես էլ մյուս թուրքերի համար Հայաստան գալը դժվար է այնպես, ինչպես գերմանացիների համար Երուսաղեմ գնալը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր տեսլականի մասին խոսելիս՝ Սերդար Քորուջուն կարևոր համարեց դեմ առ դեմ երկխոսության շարունակությունը։ «Ֆուտբոլային դիվանագիտությունը շատ լավ հնարավորություն էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Ես կարծում եմ՝ պաշտոնական մակարդակում այդպիսի քայլերը կարևոր են, քանի որ փակ դռներով հարցեր չեն լուծվում։ Մենք նորանոր քայլերի կարիքն ունենք, մենք պետք է բացենք մեր դռները, պետք է ավելի շատ երկխոսենք իրար հետ։ Ես այսպես եմ տեսնում ելքը»,-եզրափակեց նա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 31-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպմամբ, կայացավ տարածաշրջանային խաղաղության թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում էին խոսնակներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից։