Բաժիններ՝

Խամենեին կարգադրել է սահմանափակել իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակել 2 հազար կիլոմետրով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարիի արած հայտարարությանը:

«Այսօր մեր բալիստիկ հրթիռների հեռահարությունը, Իրանի գերագույն ղեկավարի ցուցման համաձայն, սահմանափակված է մինչեւ 2 հազար կիլոմետր, չնայած այն բանին, որ մենք կարող ենք այն մեծացնել: Ամերիկացիները, նրանց ուժերն ու շահերը տեղաբաշխված են մեզանից 2 հազար կիլոմետր շառավղով, եւ մենք կարող ենք պատասխանել նրանց հնարավոր ցանկացած խելահեղ գրոհին»,-հայտարարել է նա:

Միեւնույն ժամանակ ԻՀՊԿ-ի հրամանատարը ճշտել է, որ չի հավատում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմի հնարավորությանը՝ նկատի առնելով այն, որ Վաշինգտոնը «գիտի, որ եթե ինքը պատերազմ սկսի Իրանի դեմ, ավելի շատ կկորցնի»: «Ուստի նրանք պատերազմ չեն սկսի»,-ասել է նա:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որը նոր պատժամիջոցներ է նախատեսում Իրանի նկատմամբ: Խոսքը վերաբերում է այն միջոցներին, որոնք ձեռնարկվելու են ի պատասխան Իրանում բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի վրա կատարվող աշխատանքի: Իրանը պնդում է, որ իր բալիստիկ հրթիռները կոչված են ապահովելու երկրի պաշտպանությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս