Ասպիրինի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը. գիտնականներ
Առնվազն կես տարվա ընթացքում ոչ մեծ դոզաներով ասպիրինի օգտագործումն զգալիորեն նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Այդ մասին հայտնել է Daily Express թերթը, վկայում են ընդգրկուն ուսումնասիրության արդյունքները, որոնք անցկացվել են Հոնկոնգի չինական համալսարանի կողմից։
Հետազոտությունը, որին երկար տարիներ ենթարկվել է ավելի քան 600 հազար մարդ, ցույց է տվել, որ ասպիրինը հատկապես արդյունավետ է այն ուռուցքային հիվանդությունների դեպքում, որոնք սկսվում են մարսողության համակարգում:
Այսպես, լյարդի եւ կերակրափողի քաղցկեղով հիվանդանալու վտանգն այս դեղամիջոցն ընդունելու արդյունքում նվազում է միանգամից 47 տոկոսով, ստամոքսի քաղցկեղով՝ 38 տոկոսով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով՝ 34 տոկոսով եւ հաստ աղիի ու ուղիղ աղիի քաղցկեղով՝ 24 տոկոսով:
«Ասպիրինի երկարատեւ գործածումն օրական 80 միլիգրամի չափով կարող է զգալիորեն կրճատել մարսողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների թիվը: Համանման դրական ազդեցություն է դիտվում են նաեւ մարսողական համակարգի հետ առնչություն չունեցող քաղցկեղի մի շարք այլ տեսակների դեպքում, ինչպիսիք են սպիտակարյունությունը, թոքերի քաղցկեղը եւ շագանակագեղձի քաղցկեղը»,-հրատարակությունը մեջբերում է Հոնկոնգի չինական համալսարանի պրոֆեսոր Կելվին Ցոյի խոսքը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ասպիրինը քաղցկեղի՝ պրոֆեսորի հիշատակած երեք տեսակներով հիվանդանալու հավանականությունը նվազեցնում է 24, 25 եւ 14 տոկոսով՝ համապատասխանաբար: Բայց կան նաեւ ուռուցքային հիվանդությունների այնպիսի տեսակներ, որոնց զարգացման վրա ասպիրինը զգալի ազդեցություն չի գործում: Դրանց թվում է կրծքագեղձի քաղցկեղը, միզապարկի քաղցկեղը, երիկամների քաղցկեղը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: