«Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը կհստակեցնի առաջիկա անելիքները». Էստուկյան
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի առաջիկա անելիքների հետ կապված որոշ հստակեցումներ կլինեն այսօր՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան: «Արմենպրես»-ին Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը տեղեկացրեց, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն Ստամբուլում է, նա Գերմանիայից վերադարձել է հոկտեմբերի 30-ին:
«Ինչպես գիտեք, Ստամբուլից Բեքչյանի բացակայության ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական են տվել: Սրբազանը երեկ երեկոյան է եկել, սակայն առաջիկա քայլերի հետ կապված դեռ որևէ հստակեցում չկա: Այսօր երեկոյան պարբերականի գործընկերները կհանդիպեն նրա հետ հասկանալու համար, թե ինչ տրամադրվածություն ունի, ինչ քայլեր կձեռնարկի»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Գերմանիայում լինելու ժամանակ սրբազան Բեքչյանը նշել էր, որ ցանկանում է անձամբ հանդիպել Ստամբուլի նահանգապետի հետ՝ ներկայացնելու գործընթացի վերաբերյալ իր տեսակետները: Այն հարցին, թե արդյո՞ք դա ուժի մեջ, Բագրատ Էստուկյանը նշեց, որ թերևս ուժի մեջ չէ:
«Այդ հրաժարականներից հետո, կարծում եմ, որ ուժի մեջ դժվար թե լինի»,-ասաց Բագրատ Էստուկյանը: