Բաժիններ՝

«Եթե անգամ ավագանու նիստում մերժվեր առաջարկը, ես իմ բակում կհիմնեի իմ ուզած ստուդիան». Հրանտ Թոխատյան

Երեւանի ավագանին 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստում հավանություն տվեց «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված Երևան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող` «Արաբկիր մշակութային կենտրոն»-ի գործունեության և վերանորոգման ծրագրին:

Մշակութային հիմնադրամի նախագահ Հրանտը Թոխատյանն ասաց, որ մշակույթի կենտրոնը ներսից բավական անմխիթար վիճակում է: «Մենք ցանկանում ենք տարեկան 1 միլիոն դոլարի ներդրում կատարել եւ 10 տարում վերանորոգել հաստատությունը, որը հետագայում պիտի ծառայի մեր մշակույթին»,-ասաց նա:

Հրանտ Թոխատյանը վստահեցրեց, որ Երեւանում անհրաժեշտ է մանկական նորմալ ստուդիա, թատրոն, ինչու չէ նաեւ իր ներկայացումների համար բեմ հիմնել: «Եթե անգամ ավագանու նիստում մերժվեր առաջարկը, ես իմ բակում կհիմնեի իմ ուզած ստուդիան: Մենք այսօր ամեն երեք-չորս տարին մեկ ենք ներկայացում անում, եւ ես ափսոսում եմ ինձ որպես դերասան: Տարին երկու անգամ ներկայացում անելու համար անհրաժեշտ է լինում բեմ վարձակալել, ինչը բավական թանկ է նստում եւ կարող է անդրադառնալ նաեւ տոմսերի ինքնարժեքի բարձրացման վրա»,-ասաց նա՝ հրավիրելով բոլորին անձամբ ծանոթանալ շենքային պայմաններին:

Ավագանու «Ելք» խմբակցության անդամները մեծ ոգեւորությամբ ընդունեցին մշակութային շենքի վերականգնման գաղափարը: Զարուհի Բաթոյանը հորդորեց շենքի վերանորոգման ընթացքում պահպանել մատչելիության բոլոր նորմերը, որպեսզի այն հասանելի լինի նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Ես կարծում եմ, որ հաշմանդամություն ունեցողները պետք է օգտվեն մշակութային հաստատությունից ոչ միայն որպես հանդիսատես, այլեւ որպես մասնակից»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս