Բեռլուսկոնին վերստին մաֆիայի հետ կապերի շուրջ հետաքննության ֆիգուրանտ է դարձել
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վերստին մաֆիայի հետ կապերի շուրջ հետաքննության ֆիգուրանտ է դարձել:
Ինչպես հոկտեմբերի 31-ին հայտնել է Corriere della Sera թերթը, Ֆլորենցիայի դատախազությունը կրկին բացել է գործը՝ նոր նյութեր ստանալով այսպես կոչված մաֆիայի հետ պետության նախահամաձայնության դատավարության վերաբերյալ։ Այդ գործը քննվում էր արդեն մի քանի տարի, եւ առաջին անգամ մաֆիականների հետ ամբաստանյալների աթոռին են հայտնվել նաեւ նախկին պետական պաշտոնյաներ:
Հետաքննությունը ենթադրում է, որ պետությունն ինչ-որ կերպ կանգնած է եղել 1990-ական թվականներին Իտալիայում կատարված ահաբեկչության մի շարք ակտերի հետեւում: Մասնավորապես, Բեռլուսկոնիին, որն առաջին անգամ վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1994 թվականին, կասկածում են այն բանում, որ նա կարող էր 1993 թվականին ռումբերի պայթուններ պատվիրել Միլանում, Հռոմում եւ Ֆլորենցիայում:
Հետաքննությունը բացելու առիթ են ծառայել «Կոզա նոստրա» մաֆիայի պարագլուխ Ջուզեպե Գրավիանոյի գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունները, որը քաղաքական գործչի անունն է հիշատակում՝ խոսելով այդ տարիների փաստերի մասին: Գրավիանոն կալանավորվել է 1994 թվականին եւ այժմ ցմահ բանտարկության պատիժ է կրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: