Բաժիններ՝

«Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պետք է չկառուցե՞ն, էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն». Վարդան Հարությունյան

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը շահերի բախում չի տեսնում, որ իր որդիներին պատկանող ընկերությանը կառավարությունն արտոնություն է տվել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արտոնություն բոլորին է տրվում, բոլորին, ով գյուղատնտեսության մեքենասարքավորում է ներկրում, հունվարի 1-ից ազատվում են հարկերից:

«Բոլորին արտոնությունը տրվում է այն կոնտեքստում, որ հունվարի 1-ից գումարների վերադարձի հարց չառաջանա: Չկա տնտեսվարող, որ դիմած լինի կառավարությանը և արտոնությունից օգտված չլինի»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նա բացառեց, որ արտոնություն ստանում են բացառապես պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք. «Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում: Պետք է չկառուցե՞ն, էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն: Թող մյուսներն էլ անեն, ո՞վ է արգելել»:

Դիտարկմանը, որ ձեր որդիների ջերմոցները հարվածում են գյուղացիների ջերմոցների գործունեությանը, Վ.Հարությունյանը հակադարձեց. «Ի՞նչ եք ասում, արտահանում ենք մենք»:

Մեկ այլ դիտարկմանը, որ գյուղացիները մրցակցությանը չեն դիմանում, Հարությունյանը պատասխանեց` «Լավ, եղավ, հասկացանք, ներդրում էլ չենք անի էս երկրում»:

Ըստ նրա` փոքրն իր գործն է անում, մեծը` իր, իսկ միայն փոքրով երկիր զարգացնել հնարավոր չէ, 85% հարկային եկամուտները վճարվում են խոշոր բիզնեսի կողմից և ընդամենը 15%-ն է ապահովում մանր ու փոքր բիզնեսը.

«Հիմա էդ 85%-ը չաշխատե՞ն»:

Անդրադառնալով ՀՀ-ից 2017թ. առաջին 8 ամիսների ընթացքում տեղի ունեցած 600 մլն դոլարի ֆինանսական արտահոսքին, Վ.Հարությունյանը հայտարարեց, թե ՊեԿ-ն ամեն ինչ անում է, որ փողերը չփախչեն, այդ վարչարարությունը, պայքարը ստվերի դեմ բերել է նրան, որ որոշակի մասով հարկային, մաքսային եկամուտներն ավելացել են:
Կապիտալի արտահոսքը ՊԵԿ նախագահին չի անհանգստացնում.

«Մեր շուկան սահմանափակ է: Վատ բան չի կարելի դրանում ակնկալել, հակառակը` եթե ՀՀ ռեզիդենտները օտարերկրյա տնտեսությունում ներդրում անելով շահույթը ձևավորվի ՀՀ-ում, նորմալ երևույթ է»:

Վ.Հարությունյանի կարծիքով` օֆշորում հաշիվ ունենալը վատ բան չէ, վատ է, երբ այդ հաշիվներն օգտագործելով, փորձում են ստվերում մնալ և հարկերից խուսափել. «Մենք դրա դեմ պայքարում ենք, դա կլինի օֆշորում, թե ՀՀ-ում գրանցված ընկերություն: Օֆշոր բառն էդքան վատ բառ չի, եթե մարդիկ սահմանված օրենսդրությամբ գործում են»:

Հարցին` Միհրան Պողոսյանն իր օֆշորային հաշիվներից արդեն հարկեր վճարո՞ւմ է, Վ.Հարությունյանը պատասխանեց. «Բոլորն այսօր գտնվում են մոնիթորինգի տակ: Եթե կան մարդիկ, որոնք միտումնավոր փորձում են հարկերից խուսափել, մեր ամենօրյա գործառույթն է պայքարել դրա դեմ: Դրանք կլինեն իմ ընկերները, իմ հարազատները, ով կլինի նշանակություն չունի»:

Հարցին, որ ամիսներ առաջ խոստացել էր ստուգել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տրիկոտաժ» ընկերությունը, որտեղ վճարված եկամտահարկն ավելի քիչ էր, քան աշխատողների հայտարարված թվաքանակը, ի՞նչ արդյունքներ կան, ՊԵԿ նախագահը հավաստիացրեց, որ ընկերությունը ստուգվել է և համապատասխանում է, խախտում չկա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս