
«ԿԺԴՀ-ի հրթիռները կարող են հասնել Եվրոպա». Սինձո Աբե

ԿԺԴՀ-ն մշակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպայի երկրների տարածք: Այդ մասին հայտարարել է Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Տոկիոյում կայացած հանդիպմանը: «ԿԺԴՀ-ն մշակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպա:
Դա ողջ միջազգային հանրակցության առջեւ ծառացած լուրջ սպառնալիք է»,-նրա խոսքը մեջբերել է Kyodo գործակալությունը: Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ Աբեն դարձյալ կրկնել է, որ «ներկայում անհրաժեշտ է ոչ թե երկխոսություն վարել, այլ առավելագույնս ուժեղացնել ճնշումը՝ ստիպելու Հյուսիսային Կորեային հրաժարվել իր միջուկային եւ հրթիռային ծրագրերից»:
Այս դրույթը հնչել է նաեւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյի եւ պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերայի հետ Ստոլտենբերգի հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ: Ճապոնիայի վարչապետը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համատեղ հայտարարության մեջ ԿԺԴՀ-ից պահանջել են դադարեցնել նրա հրթիռամիջուկային ծրագիրը, իսկ ՄԱԿ-ի անդամ երկրները կոչ են արել՝ «ամբողջությամբ ու թափանցիկ կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: