Կատալոնիայի նախկին ղեկավարը Բելգիայում է, բայց ապաստան խնդրելու մտադրություն չունի
Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 30-ից գտնվում է Բելգիայում, բայց այդ երկրում քաղաքական ապաստան խնդրելու մտադրություն չունի:
Այդ մասին VRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է բելգիացի փաստաբան Պոլ Բեկարը կատալոնցի քաղաքական գործչի հետ կայացած հանդիպումից հետո: «Պարոն Պուչդեմոնը գտնվում է Բելգիայում, սակայն ոչ այն բանի համար, որ ապաստան խնդրի:
Այդ հարցով դեռեւս ոչինչ որոշված չէ: Ես անձամբ եմ հանդիպել նրա հետ: Նա պաշտոնապես ինձ խնդրել է ներկայացնել իր շահերը»,- ասել է փաստաբանը: Իրավաբանն ընդգծել է, որ արդեն ձեռնամուխ է եղել պաշտոնազրկված կատալոնցի քաղաքական գործչին Մադրիդի առաջադրած մեղադրանքների ուսումնասիրմանը:
Պոլ Բեկարը Բրյուգե ֆլամանդական քաղաքի փաստաբանական պալատի անդամ է, նա, մասնավորապես, Բելգիայում հայտնի է նրանով, որ պաշտպանել է ԷՏԱ բասկյան անջատողական խմբավորման անդամներ Լուիս Մորենոյին եւ Ռակել Գարսիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: