
Իրանի նախագահը հրաժարվել է Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրաժարվել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ անցած ամսին Նյու Յորքում անձնական հանդիպում անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով իրանցի վերլուծաբան Մահդի Ֆազաելիին:
«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Ռոուհանիին հրավիրել է հանդիպել Նյու Յորք նրա այցի ժամանակ, որտեղ նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին, բայց մեր նախագահը մերժել է առաջարկը»,- գործակալությունը մեջբերել է վերլուծաբանի խոսքը: Նշելով, որ հրավերն արվել է ՄԱԿ-ում Թրամփի հակաիրանական ելույթի հաջորդ օրը, Ֆազաելին պատմել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է հանդես գալ որպես միջնորդ եւ համոզել Ռոուհանիին՝ ընդունել այդ հրավերը, բայց անհաջողություն է կրել:
Վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ը արդեն քանիցս հանդես է եկել նման նախաձեռնությամբ: «Ամերիկացիները վստահ են, որ նման բանակցություններն օգուտ կբերեն իրենց, բայց Իրանին դրանք, վնասից բացի, ոչինչ չեն տա»,- նշել է նա:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հաստատել է վերլուծաբանի խոսքը՝ մատնանշելով, որ «ամերիկյան կողմը ցանկություն է հայտնել բարձր մակարդակի հանդիպում անցկացնել, բայց Իրանի նախագահը մերժել է այն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: