«Այն, ինչ տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսին, Հոկտեմբերի 27-ի նման պատմություն էր». Գառնիկ Իսագուլյան
«Չգիտեմ՝ ում համար է մութ մնացել, ինձ համար ոչ մի մութ բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նա զարմանում է, որ ոմանք, որոնք այդ ժամանակ ունեցել են ցանկացած հնարավորություն՝ խորամուխ լինելու այդ խնդիրների մեջ, այսօր հիշել են վարկածներ, որոնք ուղղակի ծիծաղ կարող են առաջացնել. «Կարծում եմ՝ իզուր են այդ թեման անընդհատ փորձում քննարկման նյութ դարձնել, շատերն ուղղակի փորձում են իրենց դրանով դրսևորել: Ես հավատում եմ նրան, ինչպես քննությունը վարվել է, ավարտվել է, դատավճիռները կայացվել են»:
168.am-ի հարցը, թե՝ այս տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել Հայաստանում, և արդյոք կարելի՞ է բացառել նմանատիպ դեպքերի կրկնությունը, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այն, ինչ տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսին, նմանօրինակ պատմություն չէր: Ճիշտ է, շատ ավելի ուրիշ ձևի դրսևորումն էր, բայց նման նկրտումներ միշտ լինում են, և համապատասխան մարմիններն ամեն ինչ պետք է անեն, որ դրանք ժամանակին բացահայտեն և չեզոքացնեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: