Համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում
Սահմանված ժամկետում նոյեմբերի 5-ի ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 26-ի ժամը 18.00-ին լրացել է նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու: