Բաժիններ՝

ՀՌՀ-ն հայտնվել է QS EECA University Rankings վարկանիշային աղյուսակում

Հայ-Ռուսական համալսարանը հայտնվել է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի QS EECA University Rankings 2018թ․ վարկանիշային աղյուսակում, որը միավորում է տարածաշրջանի 250 լավագույն բուհերը․ հայաստանյան ԲՈՒՀ-երից այդ ցուցակում ընգրկվել են միայն ՀՌՀ-ն և Երևան պետական համալսարանը։ Այս մասին տեղեկացրին ՀՌՀ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Վարկանիշային աղյուսակն օգտագործում է գնահատման մեթոդոլոգիա, որը փոխառվել է QS World University Rankings համաշխարհային ինդեքսից:

Ընդհանուր առմամբ՝ գնահատվում է ինը գործոն, յուրաքանչյուրն իր կշռով: Դրանցից կարևորագույնը համալսարանի ակադեմիական և կրթական հեղինակությունն է: Այն գնահատվում է QS Global Academic Survey համաշխարհային հարցմամբ: Բացի կրթական բաղադրիչից՝ հարցմամբ գնահատվում է նաև տվյալ համալսարանի շրջանավարտների մասնագիտական որակներն ու մրցունակության մակարդակը համաշխարհային աշխատաշուկայում, որը կատարում են շրջանավարտներին գործի ընդունող կազմակերպությունները: Հաշվի առնվող այլ գործոններից են ուսանող-դասախոս հարաբերակցությունը, հետազոտական աշխատանքներն ըստ ֆակուլտետների (ինստիտուտների), ինչպես նաև աշխատությունների ազդեցության գործոնն ու մեջբերումների միջին քանակը:

Արդյունքները ներկայացված են ինտերակտիվ առցանց աղյուսակում (interactive online table), որը թույլ է տալիս օգտատերերին համեմատել տարբեր համալսարանների կատարողականը` տարբեր հարթություններով:

QS World University Rankings-ն ամեն տարի թողարկում է Quacquarelli Symonds (QS)-ը: Առաջին անգամ հրապարակվել է 2004թ․՝ Times Higher Education հանրահայտ ամսագրի հետ համագործակցությամբ, իսկ հետագա տարիներին` սեփական մեթոդիկայով: Այժմ այն համարվում է իր ոլորտի` աշխարհի ամենից ընդգրկուն վարկանիշային համակարգերից մեկը: Կազմակերպությունը թողարկում է միասնական գլոբալ, ինչպես նաև թեմատիկ վարկանիշային աղյուսակներ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս