Բաժիններ՝

Պատժել մանկապարտեզներում և դպրոցներում Սահմանադրությունը խախտողներին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մանկապարտեզներում և դպրոցներում Սահմանադրության 31-րդ հոդվածի գործողությունն ապահովելու, երրորդ անձանց հետ երեխաների մասին տեղեկությունները քննարկելու, այլ անձանց դրանք փոխանցողներին խստագույնս պատժելու համար:

«Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածը, որը վերնագրված է «Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը», սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»: Սակայն վերջին շաբաթների իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մանկապարտեզներում և դպրոցներում այս դրույթը խստորեն չի պահվում:

Առկա են բողոքներ, որ որոշ երեխաների, ծնողների խնդիրները, անձնական կյանքին վերաբերող մանրամասները հրապարակային քննարկվում են երրորդ անձանց հետ:

Դիտարկումներս նաև ցույց են տալիս, որ սա ինչպես գիտելիքի պակասի, այնպես էլ միտումի հետևանք է: Կրթական ոլորտի աշխատակիցները չեն գիտակցում Սահմանադրության այս դրույթի խախտման իրավական հետևանքները խախտողների
նկատմամբ:

Սահմանադրության վերոնշյալ դրույթի գործողությունն ապահովելու համար անհրաժեշտ է Ձեր միջամտությունը և հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ սույն երևույթը կանխելու համար: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն, թե ինչ հանձնարարականներ են տրվել այս կապակցությամբ և ինչ ժամկետներում դրանք
կիրականացվեն:

Տեղեկացնեմ նաև, որ սույն խնդրի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել նաև կրթական ոլորտի քաղաքականության պատասխանատու Կրթության և գիտության նախարարությանը՝ համապատասխան դասընթացների միջոցով խնդրի էությունը ևս մեկ անգամ պարզաբանելու մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցներին, թեպետ վերջիններս՝ ունենալով համապատասխան որակավորում, այս ոլորտում պետք է որ ստացած լինեին համապատասխան գիտելիք:

Կից ներկայացնում եմ մանկապարտեզներից մեկում ծնողի բողոքից հետո սոցցանցերում տվյալ մանկապարտեզի աշխատակցի կողմից կազմակերպված տեղեկատվական «արտահոսքը» բողոքող ծնողի և նրա ընտանիքի վերաբերյալ:

Կարծում եմ, որ սույն աշխատակիցը հանգամանքները պարզելուց և մեղավորությունը հաստատվելուց հետո պետք է տեղ չունենա ոլորտում, ինչպես նաև Ձեր միջնորդությամբ սույն փաստի առթիվ իրավապահ մարմինները կանցկացնեն
հետաքննություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս