Բաժիններ՝

«Մինչև դեկտեմբերի վերջ անօթևան ընտանիքները կստանան փոխհատուցումներ». Վիգեն Սարգսյան

Այսօր Ագզային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանն ազատամարտիկների խնդիրների վերաբերյալ հարց հնչեցրեց:

«Մի խումբ ազատամարտիկներ դիմել են ինձ հետևյալ հարցով: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ ազատամարտիկներ հերթագրված են բնակարան ստանալու համար և տարիներ շարունակ սպասում են այդ հերթին: Առաջարկում ենք, որ կառավարությունը դա հաշվի առնի, ու արտոնյալ հիպոթեքային վարկեր տրամադրեն այն ազատամարտիկներին, որոնք կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հերթագրված են ու ունեն այդ հնարավորությունը»,- հայտարարեց պատգամավորը:

Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «ՀՀ նախագահը, երեկ խոսելով բանակի արդիականացման 7-ամյա ծրագրի մասին, հատուկ ուշադրություն և շեշտադրում արեց սոցիալական խնդիրներին և նախկին զինծառայողներին, զինհաշմանդամներին: Բազմաթիվ ուղղություններով աշխատանքներ են տարվում:

Մինչև դեկտեմբերի ավարտ զոհված զինծառայողների անօթևան ընտանիքները և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող ընտանիքները կստանան օրենքով նախատեսված փոխհատուցումները:

Երևանում բնակվող ընտանիքները կստանան բնակարաններ, իսկ մարզերում՝ բնակարանային սերտիֆիկատներ: Մենք մտադիր ենք հիպոթեքային ծրագիր ներդնել այսօրվա զինծառայողների համար, դա մեծ լուծում կլինի, բոլոր դեպքերում այդ խնդիրներն ուշադրության կենտրոնում են: Երեկ ՀՀ նախագահի կողմից խնդիր է դրվել նաև նոր զինվորական հոսպիտալի կառուցման  ուղղությամբ աշխատանքներ սկսելու: Դա մեզ համար առաջնահերթություն է, որովհետև այսօրվա կենտոնական հոսպիտալը չի համապատասխանում միջին  ստանդարտին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս