
Սաուդյան Արաբիան հայտարարել է աշխարհի ամենաինովացիոն քաղաքի ստեղծման մասին

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հոկտեմբերի 24-ին հայտարարել է թագավորությունում Neom անվանումով ապագայի քաղաքի ստեղծման մասին, որը խոստանում է դառնալ ինովացիաների եւ առեւտրի գլոբալ կենտրոն։
«Սաուդյան Արաբիան մինչեւ 2030 թվականը զարգացման ռազմավարության շրջանակներում կստեղծի Neom նոր սերնդի գլոբալ քաղաք, ինովացիաների օրրան, որը կդառնա քաղաքակրթությունների հատման գլոբալ կենտրոն»,-ասված է նոր նախագծում, որը ներկայացվել էր Ռիադում ընթացող Future investment initiative համաժողովում:
Ապագա սերունդների քաղաքը կտեղավորվի Սաուդյան Արաբիայի հյուսիսում ավելի քան 26 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա եւ, թագավորության մտահղացմամբ, կդառնա արաբական երկրները՝ Աֆրիկան, Ասիան, Եվրոպան եւ Ամերիկան տնտեսապես կապող վայր: Ինչպես սպասվում է, նոր քաղաքն ավելի քան 500 մլրդ դոլարի շահույթ կբերի ներդրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: