«Եվրամիությունը Հայաստանին ոչինչ չի պարտադրելու»

ՀՀ-ԵՄ տապալված Ասոցացման համաձայնագրից հետո նախաստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի վավերացման ժամկետը կախված է հայկական կողմից: 168.am-ի աղբյուրների համաձայն, ԵՄ-ն չի պատրաստվում հայկական կողմին պարտադրել համաձայնագիրը վավերացնել կարճ ժամկետներում:

«ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը, հետագա խորությունը, համաձայնագրից հետո ՀՀ-ԵՄ համագործակցության որակը կախված է հայկական կողմից և հայկական կողմի հավակնություններից»,- ասաց մեր զրուցակիցը: Ուստի ԵՄ-ում դժվարանում են հստակ նշել, թե երբ համաձայնագրի արդյունքները տեսանելի կլինեն, քանի որ համաձայնագրով ամրագրված բարեփոխումների համար նախատեսված ներդրումների փոխանցումը կախված է այն քայլերից, որոնք հայկական կողմը կիրականացնի ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Ըստ մեր զրուցակցի` Հայաստանը պետք է ապացուցի, որ ԵՄ-ն իսկապես իր քաղաքակրթական ընտրությունն է: 168.am-ի տեղեկությունների համաձայն՝ համաձայնագրի վավերացման գործընթացը վերահսկելու գործիքների կամ նախատեսված բարեփոխումների չիրականացման համար պատիժներ ԵՄ-ն չի նախատեսում: Ըստ մեր վստահելի աղբյուրների, ԵՄ-ն ուշադիր հետևում  և առաջնորդվելու է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով:

«ԵՄ-ն ՀՀ-ում ավելի ծավալուն ներդրումներ է նախատեսում, քան նույնիսկ ԱՄՆ-ը: Բոլոր երկրները կրճատում են ներդրումները, իսկ ԵՄ-ն խոստանում է ավելացնել, ԵՄ-ն պատրաստ է էլ ավելի ավելացնել ներդրումների չափը, եթե հայկական կողմն իրականացնի անհրաժեշտ աշխատանքը: ԵՄ-ն նաև հարաբերությունների հաջորդ փուլին չի անցնի, եթե չիրականացվի անհրաժեշտ աշխատանքը: Սա է Եվրամիության սկզբունքը, սակայն պատիժներ նախատեսված չեն»,- նշեց մեր աղբյուրը: Նույն սկզբունքը, ըստ մեր տեղեկությունների, վերաբերում է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի ամենակարևոր հարցերից մեկին` ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման բանակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս