«Պարոն Թովմասյան, ես չգիտեմ՝ ձեզ ով է դաս տվել». Թեժ քննարկում ԱԺ-ում
«Ժողովրդավարությունը մեծամասնության իշխանություն է, որքանով ինձ սովորեցրել են բուհում, եթե փոքրամասնության ամեն ասածը պետք է անցնի, ապա այստեղ մի բան այնպես չէ, եթե քննարկման արդյունքում ամեն ինչ պետք է ընդունվի, ապա, ընդհանրապես, ինչո՞ւ ենք քննարկում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի հերթական նիստում օրակարգ չմտցվեցին «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների պատգամավորների հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները, ինչից պատգամավորները բորբոքվեցին՝ ասելով, որ քաղաքական մեծամասնությունը մերժում է քննարկել ընդդիմադիրների նախաձեռնությունները:
Հ. Թովմասյանի խոսքով՝ Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը նույն քաղաքական թիմն են, և բնական է, որ նույն որոշումն են կայացնում:
Նա նաև անդրադարձավ «Ելք »խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որն ասել էր. «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքը շատ լավ գործել է, և պատգամավորը որևէ դատապարտյալի մորքուրի մարդը չէ, որ գնում է տեսակցելու: Պատգամավորը չի գնում՝ սնունդ տա, սիգարետ տա: Ի՞նչ է նշանակում՝ տեսակցելու: Միայն Հրայր Թովմասյանը կարող էր նման մեկնաբանություն տալ իր նախարար եղած ժամանակ»:
«Եթե խոսում եք պատգամավորի իրավունքի սահմանափական մասին, կխնդրեմ վիճակագրություն ներկայացնել, թե քանի՞ երկրում պատգամավորներն ունեն տեսակցելու կամ ընդհանրապես մուտքի հնարավորություն»,- հայտարարեց Հ. Թովմասյանը:
Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը կրկին ելույթ ունեցավ՝ ասելով. «Եթե էլի ասվում է, թե քանի՞ երկրում կա այսպիսի բան, քանի՞ երկրում կա այնպիսի բան, իսկ քանի՞ երկրում է եղել ձեր նման նախարար, ոչ մի, քանի՞ երկրում է եղել ձեզ նման հանձնաժողովի նախագահ, ոչ մի: Քաղաքական մեծամասնության իրավունքները սահմանափակված ենք քաղաքական փոքրամասնության իրավունքներով, դրանք անսահմանափակ չեն, ժողովրդավարությունը նաև փոքրամասնության իրավունքների մասին է: Դուք չեք կարող ասել՝ մենք մեծամասնություն ենք, և ինչ ուզում՝ անում ենք, դուք սխալ եք մեկնաբանում, պարոն Թովմասյան, ես չգիտեմ՝ ձեզ ով է դաս տվել»: