«Պաշտոնական խավի ներկայացուցիչներն իրենց մեքենաների համարանիշները փոխարինել են ռուսականով և դարձել իսկական գլխացավանք». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական համարանիշներով մեքենաները շարունակում են արտոնյալ մնալ: Ու քանի որ այդպիսի համարանիշ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների համար, շատ հայ վարորդներ՝ հիմնականում ունեւոր, պաշտոնական խավի ներկայացուցիչներ, իրենց ավտոմեքենաների համարանիշները փոխարինել են ռուսականով եւ դարձել երթեւեկության իսկական գլխացավանք:
Վարում են, ինչպես ցանկանան՝ վստահ լինելով, որ չեն տուգանվում: Խնդրի առնչությամբ Սերժ Սարգսյանը դեռ 2016թ. նոյեմբերի 2-ի խորհրդակցության ժամանակ համապատասխան հանձնարարություն էր տվել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, սակայն մինչ երեկ ոչինչ չէր արվում:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրին անդրադարձավ հոկտեմբերի 14-ին՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի չկատարված հանձնարարականի մասին: Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը փորձում է որոշակի մեխանիզմներ ներդնել՝ օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու եւ դրանց վարորդներին օրինախախտման դեպքում տուգանելու ուղղությամբ:
1 տարի անց ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռ փորձում է սահմանային անցակետերում իր ներկայացուցիչն ունենալ՝ օտարերկրյա պետհամարանիշի վարորդներին իրավախախտումերի մասին պատշաճ ծանուցելու համար: ՃՈ-ն արդեն նման քննարկումներ անցկացրել է ե՛ւ Մեղրիի, ե՛ւ Բագրատաշենի ու Գոգավանի սահմանակետերում:
Հետաքրքիր է՝ մինչ օրս ինչու ոչինչ չէր արվում ռուսական համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների հաղթարշավը կասեցնելու ուղղությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: