
Նախապատրաստվում է Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը

Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը կկայանա նոյեմբերի 7-ի եւ 10-ի միջեւ ընկած ժամանակահատվածում, ստույգ ժամկետը դեռ չի որոշվել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ասորի քաղաքական գործիչ եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) քաղաքական թեւի անդամ Վայիլ Միրզան, որը կոնգրեսին մասնակցելու հրավեր է ստացել:
«Հմեյմիմում կոնգրեսը նախնական կարգով նշանակված էր հոկտեմբերի 29-ին, բայց հետաձգվել է հաջորդ ամիս՝ նոյեմբերի 7-ի եւ 10-ի միջեւ ընկած ժամանակաշրջանում, ստույգ ամսաթիվը դեռ չի որոշվել»,-հայտնել է Միրզան, որը «Սիրիայի դեմոկրատական խորհրդում» ներկայացնում է Ասորական դեմոկրատական կուսակցությունը:
Սիրիայի ժողովուրդների կոնգրեսին հրավիրված են Սիրիայի տարբեր համայնքների 1500 ներկայացուցիչներ:
Միրզան հավելել է, որ կոնգրեսի օրակարգը դեռեւս մշակված չէ: Նրա խոսքով՝ կոնգրեսի անցկացման երաշխավոր է հանդես գալիս Ռուսաստանը, իսկ ընդհանուր նպատակ է հայտարարված ազգային հաշտեցումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի ժողովուրդների կոնգրես ստեղծելու գաղափարի մասին: ՌԴ նախագահի խոսքով, դա կարող Է կարեւոր քայլ դառնալ քաղաքական կարգավորման ճանապարհին, հնարավոր է նաեւ երկրի նոր սահմանադրության նախապատրաստումը:
Ենթադրվում է, որ կոնգրեսին կմասնակցեն Սիրիայի բոլոր էթնիկ եւ կրոնական խմբերը, կառավարությունը եւ ընդդիմությունը: