Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի
«Պաշտպանության մասին» նոր օրենքով զինկոմիսարիատների կառավարումը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբից կփոխանցվի պաշտպանության նախարարությանը խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ` ըստ անհրաժեշտության բացազատելով զինկոմիսարիատների կետեր առանձին համայնքներում: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այս պահին պատրաստ է զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը ենթադրում է զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում,դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում, զինվորական հաստիքների պահպանում այն պաշտոններում, որտեղ այդպիսի գիտելիքներն անհրաժեշտ են զինկոմիսարիատի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար»,- պարզաբանեց նախարարը` պատասխանելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին:
Նախարարը նաև նշեց, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն: