
Մանրամասներ 19-ամյա զինծառայողի կյանքը խլած վթարից. նա գտնվել է արձակուրդում՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ 23.10.2017թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանը «ՈւԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշի մեքենայով Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով վերջինս և ուղևոր Տիգրան Սամվելի Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին Գ. Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Տ.Սարգսյանի մոտ ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք՝ տեղաշարժով:
Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ. Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի հուղարկավորությանը մասնակցելու համար: