«Ոչ ոք ինձ չի կարող ստիպել, որ ես ապրեմ Շարմազանովի երկրում». Խաչիկ Չալիկյան

«Մեր երկրում չկա մի այնպիսի ոլորտ, որի համար մենք մտահոգ չլինենք, բոլոր ոլորտներն էլ տանուլ ենք տվել, այդ թվում՝ նաև իրավագիտության ոլորտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը՝ խոսելով «Սասնա ծռերի» դատավարության ընթացքի մասին:

Նրա խոսքով՝ պատվիրված վճիռներ, արդեն 20 տարի է՝ տեսնում ենք. «Մեր իրավական համակարգն աշխատում է քաղաքական պատվերով, եթե քաղաքական պատվեր չէ, կաշառք է, քավոր-սանիկական հարաբերություններ են, և այլն: Այսինքն՝ արդարադատության մասին պետք չէ խոսել: Ես այդ դատավարություններին կնայեի ավելի խորքից: Հո հիմար չէի՞ն այդ մարդիկ, որոնք պատերազմ էին անցել ու հիմա գնում էին այդ քայլին: Դրան բերեցին այլասերված ընտրությունները, իրավագիտությունը, պետականությունը և այլն: Այսօր մենք չունենք քաղաքական դաշտ, ոչ մի դաշտ էլ չունենք ու ունենք ահազանգ: Չի կարելի կտրել «Սասնա ծռերի» դատավարությունը մնացած բոլոր ապօրինություններից կամ խեղաթյուրված իրականությունից»:

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն էլ ասաց, որ պատերազմն այսօր էլ շարունակվում է. «Ոչ ոք ինձ չի կարող ստիպել, որ ես ապրեմ Շարմազանովի երկրում, իմ երկիրը Նարեկացին, Մաշտոցն են հիմնել… Եթե մենք այդ հոգևոր արժեքներն ենք կրում ու այդ չափանիշերով ենք վաղվա օրվան հետամուտ լինում, մենք ո՞նց կարող ենք հաշտվել այսօրվա իրականության հետ: Մենք չենք գիտակցում, որ մենք բոլորս ենք քաղաքական բանտարկյալ: Մենք պետք է հնարավորինս տեր կանգնենք տղերքին, որովհետև դա պետության համար պայքարն է»:

Տեսանյութեր

Լրահոս