«Ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի համարում իրեն լավագույնն աշխարհում:
Ֆրանսիացի մասնագետը գլխավորեց Մադրիդի «Ռեալը» 2016թ. հունվարին, երբ հեռացվեց Ռաֆա Բենիտեսը: Այս ընթացքում Զիդանը կարողացել է 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգան, ինչպես նաև՝ հաղթել Իսպանիայի առաջնությունը:
«Չեմ կարծում, որ ես աշխարհի լավագույն մարզիչն եմ: Իմ բախտը բերել է, որ ես աշխատում եմ աշխարհի լավագույն ակումբում, լավագույն ֆուտբոլիստների հետ: Ուզում եմ ազնիվ լինել. ինձ դուր է գալիս այն, ինչ ես անում եմ, ես անում եմ դա կրքով և գտնում եմ, որ դառնում եմ ավելի լավը»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ Զիդանը ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների շարքում է: «Եթե ինձ տան այդ մրցանակը, ես, իհարկե, ուրախությամբ այն կընդունեմ, սակայն չեմ մտածում, որ ես աշխարհի լավագույն մարզիչն եմ»,- ավելացրել է Զիդանը:
Ֆրանսիացու մրցակիցներն են Մասիմիլիանո Ալեգրին և Անտոնիո Կոնտեն: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Լոնդոնում, հոկտեմբերի 23-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը