Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները Արգենտինայի սենատոր է դառնում
Արգենտինայի նախկին նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները հոկտեմբերի 22-ին կայացած ընտրությունների արդյունքներով տեղ կստանա երկրի խորհրդարանի վերին պալատում: Այդ մասին վկայում են ընտրությունների նախնական արդյունքները:
Պետության նախկին ղեկավարը Սենատում առաջադրվել է Բուենոս Այրեսի նահանգից: Նրա ստեղծած դաշինքը՝ «Քաղաքացիական միասնությունը», երկրորդ տեղն է գրավել տարածաշրջանում եւ այդպիսով մեկ տեղ է ստանում վերին պալատում: Սենատական մանդատը խորհրդարանական անձեռնմխելիություն է երաշխավորում Ֆեռնանդես դե Կիրշներին: Մինչ այժմ նրա նկատմամբ երեք գործ է հարուցված կոռուպցիայի եւ Կենտրոնական բանկում մեքենայությունների մասին:
Բացի այդ, դատախազությունը նախկին նախագահին կասկածում է 1994 թվականին հրեական մշակութային կենտրոնում կատարված ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու մեջ: Խորհրդարանական անձեռնմխելիությունը Ֆեռնանդես դե Կիրշներին չի փրկի դատական հետաքննությունից, բայց նրան կպաշտպանի ձերբակալումից:
Ընտրությունների նախնական արդյունքները վկայում են հանրապետության մայրաքաղաքում եւ 23 նահանգներից 12-ում, այդ թվում՝ Բուենոս Այրեսի. Կորդովայի, Սանտա Ֆեի եւ Մենդոսի խոշոր նահանգներում կառավարամետ դաշինքների հաղթանակի մասին: Նախագահ Մաուրիսիո Մակրիի կողմնակիցների սենատական ցուցակները հաղթում են այն ութ տարածաշրջաններից չորսում, որտեղ խորհրդարանի վերին պալատի անդամների ընտրություններ են անցկացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: