Բաժիններ՝

Ճապոնիայում առնվազն հինգ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հարվածից

Ճապոնիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս 85-ը՝ տուժել երկրում մոլեգնող «Լան» հզոր թայֆունից: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել էNHK հեռուստաալիքը:

Մարդիկ հիմնականում փլուզումների ու հեղեղումների զոհ են դարձել: Երկուշաբթի Ճապոնիայի Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի ավելի քան 81 հազար բնակիչներ ցուցում են ստացել շտապ տարհանման մասին սաստիկ անձրեւների հետեւանքով հնարավոր ջրհեղեղի պատճառով:

Հեղեղումների շրջան են ուղարկվել փրկարարների խմբեր՝ նավակներով: Մի շարք դեպքերում մարդկանց տների տանիքներից վերցնում են ուղղաթիռների օգնությամբ: Ճապոնիայի տարածքի մեծ մասում շարունակվում են տեղատարափները՝ որոնք բերել է թայֆունը: Հոնսյուում՝ Կիա թերակղզու շրջանում, վերջին 72 ժամվա ընթացքում ավելի քան 800 մմ տեղումներ են գրանցվել:

Միեւնույն ժամանակ գնացքների խախտված երթեւեկությունը ներկայում վերականգնվում է, աշխատանքի բնականոն ռեժիմի են վերադառնում օդանավակայանները: Հոնսյուի հյուսիսարեւելյան մասով անցած «Լանը» հեռացել է դեպի օվկիանոս եւ օրվա ընթացքում կվերածվի պարզապես ցածր ճնշման գոտու: Սակայն թայֆունի գոտում քամու պոռթկումների արագությունը գերազանցում է վայրկյանում 30 մետրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս