
Սլովենիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում

Սլովենիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա նոյեմբերի 12-ին: Այդ մասին վկայում են երկրի Պետական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Հոկտեմբերի 22-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի արգելքը: Քվեաթերթիկների 99,9 տոկոսի տվյալների ամփոփումից հետո Սլովենիայի գործող նախագահ Բորուտ Պախորը, որն առաջադրվել էր որպես անկախ թեկնածու, ստացել է ձայների 47,07 տոկոսը:
Նրա մերձավոր հետապնդողը՝ կատակերգական ժանրի նախկին դերասան եւ Կամնիկ մարզային քաղաքի քաղաքագլուխ Մարյան Շարեցը հավաքել է ձայների 24,97 տոկոսը: Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է ռեկորդային ցածր 43,57 տոկոս:
Այժմ Պախորն ու Շարեցը կհանդիպեն երկրորդ փուլում: Քվեարկության արդյունքների հայտարարումից հետո նախագահը հայտարարել է, որ «շատ հուսադրող» է համարում արդյունքը՝ հաշվի առնելով ոչ մեծ վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ: Նրա ընդդիմախոսը նշել է, որ գերազանց է համարում իր արդյունքը, որն ստեղծվել է զրոյից եւ առանց հին քաղաքական ընտրախավերի աջակցության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: