
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում. 14-ից ավելի ընտանիք հայտնվել է դրսում

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հավաքվածներն ասում էին, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել ինչից հետո առաջացել է կրակ: Ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե այս 14-ից ավելի ընտանիքները, ովքեր կրել են նաև նյութական խոշոր չափի վնաս, որտե՞ղ են գիշերելու և արդյոք կառավարությունը սատար կկանգնի այս ընտանիքներին, ովքեր սոցիալապես անապահով խավից են: