Բրիտանական գրադարանում «տեղավորվել են» Հարրի Փոթերն ու մանդրագորները
Հոկտեմբերի 20-ին Բրիտանական գրադարանում բացված «Հարրի Փոթեր. մոգության պատմություն» ցուցահանդեսում ներկայացված են կախարդների ցախավելներ, մոգական բյուրեղներ, հմայաթուրմերի պատրաստման միջնադարյան բաղադրատոմսեր եւ նույնիսկ «փիլիսոփայական քարը»։
Ցուցահանդեսը նվիրված է կախարդ տղայի մասին առաջին գրքի՝ «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» երկի թողարկման 20-ամյակին:
«Ցուցահանդեսի կազմակերպման գործում ամենադժվարը ցուցանմուշների ընտրությունն էր: Մոգությունն ու կախարդությունը բոլոր դարերում դյութել են մարդկանց: Մեր առանձին ցուցանմուշներ 3 հազար տարեկան են, մենք իրերը հավաքել ենք Հնդկաստանից, Չինաստանից, Լատինական Ամերիկայից»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը՝ Ալեքս Լոքը:
«Հարրի Փոթեր. մոգության պատմություն» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ 2018 թվականի փետրվարի 28-ը: