Գանձասարում ի հիշատակ Լևոն Հայրապետյանի հոգեհնագստյան կարգ է կատարվել

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Գանձասարի վանական համալիրում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանի:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հոգեհանգստյան արարողակարգին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշել է, որ Լ. Հայրապետյանը բազում ծրագրեր է իրականացրել շենացնելու Արցախը, և նրա առաջին քայլերից է եղել Գանձասարի վանական համալիրի վերանորոգումը:

«Այսօր մենք եկել ենք հարգելու հայրենասեր, ազգասեր արցախցու հիշատակը, կիսելու կորստյան ցավը»,- ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հոգեհանգստյան արարողակարգին ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը մեզ հետ զրույցում նշել է, որ փորձության ժամին, երբ հայրենիքը վտանգվեց, նա անմիջապես կանգնեց Արցախի կողքին:

«Լ. Հայրապետյանը ոչ միայն պատերազմից հետո սկսեց վերականգնել ավերված Արցախը, այլ նա մեզ հետ էր պատերազմի ժամանակ: Նրա մահով յուրաքանչյուր արցախցու հոգու անկյունում մի կրակ մարեց: Նա ապրեց հայրենիքից հեռու, բայց ապրեց հայրենիքով և հեռացավ հայրենիքի կարոտը սրտում»,- ասել է Ն. Աղաբալյանը և ավելացրել, որ մեծ բարերարն օրինակ դարձավ շատերի համար, և շատերի համար էլ ճանապարհ բացեց դեպի հայրենիք:

Վանք համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանը նշել է, որ Լ. Հայրապետյանի շնորհիվ այսօր գյուղը կայացել է, և նրա իրականացրած բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ դպրոցի, մանկապարտեզի, արվեստի դպրոցի, հիվանդանոցի կառուցումը, հնարավարություն տվեց գյուղը դարձնելու ավելի բարեկարգ:

Վանքի բնակիչ Սերժիկ Մակիյանն էլ նշել է, որ մեծ հուշեր կան կապված Լ. Հայրապետյանի հետ: Ս. Մակիյանը հատկապես կարևորեց Արցախյան մեծ հարսանիքը, որին մասնակցել էր նաև իր դուստրը:

Հոգեհանգստյան արարողակարգին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, վանքեցիներ և հյուրեր:

Տեսանյութեր

Լրահոս