Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը դատի է տվել երկրի գլխավոր դատախազությանը
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը երկրի գլխավոր դատախազության դեմ հայց է ներկայացրել Սաբաիլի շրջանի դատարան:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
«Մուսավաթ» կուսակցությունը 2017-ի ապրիլ-մայիս ամիսներին միջազգային մամուլում հայտնված և մեծ հնչեղություն ստացած «Պանամայի փաստաթղթեր»-ից բացահայտված տեղեկատվության հետ կապված, որում շոշափվում էր նաև Ադրբեջանի նախագահի աղջիկների անունները դիմել էր Ադրբեջանի գլխավոր դատախազություն` պահանջելով մանրազնին ուսումնասիրել այդ տեղեկությունների մանրամասները, սակայն Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անտեսել էր կուսակցության դիմումը:
Կուսակցությունը դատարան ներկայացրած հայցում նշել է, որ Գլխավոր դատախազության կողմից ընդդիմադիր կուսակցության դիմումի անտեսումը օրենքի խախտում է:
«Մուսավաթ»-ը դատարանից պահանջում է որոշում կայացնել, ըստ որի գլխավոր դատախազությունը կուսումնասիրի «Պանամայի փաստաթղթերից» ստացված տեղեկատվության մանրամասները:
2017-ի ապրիլին Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի անդամները հրապարակել էին «Պանամայի փաստաթղթերի» հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
Պանամայի փաստաթղթերը պարունակում են ավելի քան 50 երկրների տարբեր աստիճանի պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց անուններ:
Փաստաթղթերում տեղ էին գտել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի դուստրերի անունները:
Տեղեկության հրապարակումից անմիջապես հետո «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլըն տեղեկությունների ուսումնասիրության պահանջով դիմել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին:
«Մուսավաթ» կուսակցության առաջնորդը, մասնավորապես, պահանջել էր, ուսումնասիրել Լեյլա և Արզու Ալիևաների Լոնդոնում միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունենալու հանգամանքները:
Գլխավոր դատախազությունը անտեսել էր կուսակցության պահանջը, ինչի պատճառով էլ կուսակցությունը դիմել է դատարան:
Ադրբեջանում հաստատված ալիևյան բռնատիրական ռեժիմի պայմաններում երկրի ուժային կառույցներն ու իշխանությունը խիստ սերտաճած են և ուժային կառույցները փորձում են ամեն կերպ ծածկել, մասնավորապես նախագահական ընտանիքի և նրանց մերձավորների հանցավոր գործողությունները: