«Եթե չպահպանենք անդորրը, հետևանքը լինելու է ցեղասպանություն և հայոց պետականության կործանում». Դավիթ Բաբայան

«Խնդիրը նրա մեջ է և բազմիցս ասել ենք, որ հանձինս Ադրբեջանի՝ ունենք ահաբեկչական պետություն, որը շարունակում է իր քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս սահմանին ունեցած զոհի մասին:

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ շատ ծանր է կորուստը, անդառնալի է, երբ երիտասարդ ինչ-որ մեկը զոհվում է. «Դա բոլորիս անձնական կորուստն ենք համարում: Բայց պետք է շարունակենք պահպանել անդորրը, մեր երկրի անվտանգությունը, որովհետև եթե մենք դա չանենք, ապա հետևանքը լինելու է ցեղասպանություն և հայոց պետականության կործանում»:

Հարցին՝ կարո՞ղ ենք փաստել, որ Ժնևում օրեր առաջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն այդ իմաստով ոչինչ չեն տալիս, եթե դրանից անմիջապես հետո սահմանին զոհ ենք ունենում՝ Դ. Բաբայանը հակադարձեց. «Ոչ, նման բան չի կարելի ասել: Եթե բան չեն տալիս, ինչո՞ւ են հանդիպում: Ընդհակառակը, այսպիսի հանդիպումները չափազանց կարևոր են, որովհետև ադբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է դիտարկել ոչ թե լոկ վերջնական կարգավորման իրավական տեսանկյունից, այլ կայունության և խաղաղության պահպանման: Իսկ սա շատ ծանր գործ է: 2016 թվականի ապրիլ ամիսը ցույց տվեց, և հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում պահպանվի, իսկ սա շատ նուրբ աշխատանք է պահանջում»:

Տեսանյութեր

Լրահոս