Ստեփանակերտում մեղվաբուծության խնդիրներին նվիրված խորհրդաժողով է անցկացվել

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում հոկտեբերի 20-ին մեկնարկած մեղվաբուծության խնդիրներին նվիրված երկօրյա խորհդրաժողովը այսօր ամփոփել է իր աշխատանքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի մեղվաբույծների ասոցացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանն ասել է, որ խորհդրաժողովի նպատակն էր նպաստել մասնակիցերի միջև փորձի փոխանակման, մեղվաբուծության ոլորտի նորություններին ծանոթանալուն, ինչպես նաև քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Ս. Գրիգորյանի խոսքով՝ խորհդրաժողովին բացի Արցախից, մասնակցել են մեղվապահներ ՀՀ տարբեր մարզերից:

ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առուստամյանն իր հերթին նշել է, որ հատկապես վերջին տարիներին Արցախում մեղվապահությունն զգալի առաջընթաց է արձանագրել: «Աստիճանաբար գյուղատնտեսության համախառն արտադրանքում ավելանում է մեղրի տեսակարար կշիռը: Նույնիսկ համայնքներ ունենք, որտեղ այն հիմնական զբաղմունք է համարվում:

Ասվածի մասին փաստում են նախ և առաջ թվերը: Օրինակ, եթե 2010 թ.-ին Արցախում մեղվաընտանիքների քանակը կազմում էր շուրջ 20 հազար և արտադրվում էր տարեկան մոտ 200 տոննա մեղր, ապա ներկայումս մեղվաընտանիքների թիվը հասել է աելի քան 26 հազարի, իսկ ստացված բերքը տարեկան հասնում է մինչև 400 տոննայի»,- մասնավորապես ասել է Տ. Առուստամյանը և տեղեկացրել, որ առաջիկայում ընդունվելիք ԱՀ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգում կարևորվում է նաև մեղվաբուծության համակողմանի զարգացումը:

Խորհդրաժողովի մասնակից բերձորցի Մուրազ Ավետյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքն ունի 50 մեղվափեթակ և այս տարի հավաքել է շուրջ 900 կգ մեղր:

«Այս խորհդրաժողովը մեղվապահությամբ զբաղվողներիս համար խորհրդատվական, տեսական գիտելիքների, փորձի ձեռքբերման, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու կարևոր հարթակ է: Այն նաև նոր գործընկերային կապերի հաստատման հնարավորություն է տալիս»,- ասել է Մ. Ավետյանը:

Տեսանյութեր

Լրահոս