Կեղծ դիպլոմով հրամանատարի պաշտոն է ստացել ու հայտնվել մեղադրյալի աթոռին
Դատարան է ուղարկվել ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության ջոկատի վաշտի խմբի հրամանատարի վերաբերյալ քրեական գործը։
Քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության ջոկատի վաշտի խմբի հրամանատարի տեղակալի պաշտոնը, կոչումով կրտսեր սերժանտ, ծառայության մեջ առաջխաղացման կարգով նույն զորամասի հատուկ նշանակության ջոկատի վաշտի խմբի հրամանատարի սպայական պաշտոնին նշանակվելու նպատակով, չունենալով նշված պաշտոնը զբաղեցնելու պարտադիր նախապայման հանդիսացող բարձրագույն կրթություն, զորամաս է ներկայացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը 2012թ․ ավարտելու վերաբերյալ համակարգչին կից գունավոր շիթային տպիչ սարքով տպված՝ ՀՀ պետական ստանդարտ թողարկմանը չհամապատասխանող ձևաթուղթ հանդիսացող դիպլոմի պատճենը, որը դեռևս 2014թ․ նոյեմբեր ամսին որպես նվեր է ստացել իր նախկին համածառայակցից։ Ակնհայտ կեղծ փաստաթղթի առկայության պայմաններում նա նշանակվել է զորամասի հատուկ նշանակության ջոկատի վաշտի խմբի հրամանատարի պաշտոնում, և նրան շնորհվել է առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում։
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։