Բաժիններ՝

Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսորը մանկավարժության մեջ կարևորում է հաղորդակցման ճիշտ ձեւը գտնելը

Երեւանի պետական համալսարանում մեկնարկած «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցելու համար Հայաստանում է Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Թիլման Ալլերտը, ով եկել է ներկայացնելու մանկավարժական հաղորդակցության սկզբնական ձեւերն ու կիսելու Գերմանիայում ընդունված փորձը:

Լրագրողների հետ ճեպազրույցում պրոֆեսոր Ալլերտը նշեց, որ տարբեր երկրներում մանկավարժության առաջ ծառացած խնդիրը մանկավարժական հաղորդակցության հարցն է: «Հաղորդակցությունն ամենօրյա գործընթաց է, սակայն այն կատարելագործելու առումով շատ անելիքներ կան»,-ասաց նա՝ հավելելով, որ անկախ լեզվից` կլինի դա գերմաներեն, թե հայերեն, կարեւորը հաղորդակցման ճիշտ ձեւը գտնելն է: «Կարեւոր է, թե ինչպես է ուսուցիչը ստեղծում իր նյութերը, եւ թե ինչպես է մատուցում դրանք երեխաներին: Ես կարծում եմ, սա մեր մանկավարժության ապագան է»,-նշեց պրոֆեսորը:

Նրա խոսքով` երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում տարբեր երկրներից հավաքված մասնագետները կգան ընդհանուր եզրակացության, ինչը հնարավորություն կտա առաջ տանելու գործընթացը:

«Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» միջազգային երկօրյա գիտաժողովը նվիրված է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին: ԵՊՀ մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողովին մասնակցելու են եկել Նիդեռլանդների, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի կրթական ոլորտի մասնագետներն ու փորձագետները:

Միջազգային գիտաժողովի նպատակն է մեկտեղել տարբեր երկրների գիտնականներին եւ մանկավարժներին` քննարկելու եւ վերլուծելու կրթության եւ մանկավարժության ոլորում առկա հիմնահարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս