Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուքը գտնում է, որ ահաբեկչական խմբավորումները ահաբեկչական խոշոր գործողություններ են նախապատրաստում: Այդ մասին, ինչպես հայտնել է The Daily Mail-ը, նա պատմել է հոկտեմբերի 18-ին Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատանն ունեցած ելույթի ընթացքում։

«Ահաբեկչական խմբավորումները՝ լինի դա «Իսլամական պետությունը» կամ ուրիշներ, ցանկանում են իրականացնել խոշոր պայթյուն, ինչպես որ եղավ սեպտեմբերի 11-ին: Նրանք պատրաստվում են օգտագործել ինքնաթիռ, հետախուզությունը դրանում կասկածներ չունի»,-հայտարարել է Դյուքը:

Նրա խոսքով՝ բեռնատարների ու սառը զենքի օգտագործմամբ ահաբեկչական գործողություններն ահաբեկիչներին հարկավոր են սարսափի մթնոլորտ ստեղծելու եւ իրենց զինյալներին անգործ չթողնելու համար, սակայն դա չի նշանակում, որ «նրանք հրաժարվել են ինքնաթիռի օգտագործմամբ գլխավոր սցենարից»:

Նախարարի պաշտոնակատարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «աներեւակայելիորեն բարձր է»: «Ահաբեկիչներն ուժեղ են, նրանք շատ արագ են ամեն ինչին հարմարվում, եւ ահաբեկչության սպառնալիքն այժմ ամենամեծն է սեպտեմբերի 11-ից ի վեր»:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները մարդատար ինքնաթիռներ գրավեցին եւ դրանք ուղղեցին Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակների եւ Պենտագոնի շենքի վրա: Դրա հետեւանքով զոհվեց 2 հազար 996 մարդ, եւս 6 հազար հոգի վերքեր ստացան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս