Բաժիններ՝

Նորածինների սեռերի անհամամասնության կայուն նվազում է նկատվում

Վերջին երեք տարիներին նորածինների սեռերի անհամամասնության կայուն նվազում է նկատվում Հայաստանում: Ամենամեծ անհամամասնությունը գրանցվել է Գեղարքունիքի և Արագածոտնի մարզում, իսկ համամասնության նորմային ամենամոտն է Վայոցի ձորի ցուցանիշը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

«Տարվա ընթացքում ծնված աղջիկների և տղաների թվերը պետք է հարաբերակցել միմյանց: Իդեալական համամասնությունը պետք է լինի 102-106: Բնության կողմից ընդունված համամասնություն է, որ տղաները ծնվում մոտ 5 տոկոսով ավելի շատ: Հայաստանում, սակայն, 6 տոկոսով ավելի է: Սակայն այդ ցուցանիշն ավելի բարձր էր 5 տարի առաջ, երբ 115-100 էր: Այս տարիներին ցուցանիշի կարգավորում ենք նկատում: Այս տարվա առաջին 6 ամսին թիվը նվազող էր՝ 110-100»,-ասաց Հայրապետյանն ու հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ ցուցանիշը չի փոփոխվի:

Ըստ իրենց հետազոտությունների արդյունքների՝ հայ հասարակությունում տղա երեխայի գերակայության 14 տարբեր պատճառներ կան: Ամենաբարձր տոկոս հավաքած երեք պատճառներից մեկն այն է, որ տղան ընկալվում է որպես տոհմը շարունակող, երկրորդը՝ տղան ընկալվում է որպես ֆինանսական աջակից ծնողների համար մեծ տարիքում, երրորդ պատճառն այն է, որ տղամարդը հասարակությունում դիտարկվում է սոցիալապես ավելի շատ հնարավորություններ ունեցող:

Ամենաբարձր անհամամասնությունը Գեղարքունիքի և Արագածոտնի մարզում Է: ՄԱԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ 2013-ին նորածինների սեռերի համամասնությունը 124-100 էր, սակայն նախորդ տարվա հետազոտության համաձայն՝ անհամամասնությունը նվազել է ՝ դառնալով 117-100: Իսկ ամենացածր տարբերությունն ունեցող մարզը Վայոց ձորն է՝ 111-100 ցուցանիշով, որը շատ ավելի մոտ է նորմային: «2011-ի մեր հետազոտության համաձայն՝ եթե ցուցանիշը շարունակվեր այդպես մնալ, մոտ 93 000 աղջիկ չէր ծնվի, կկրճատվեր մայրական բազան»,-ասաց Գարիկ Հայրապետյանը:

Հայրապետյանի կարծիքով՝ անհամամասնության նվազմանը նպաստել են ԶԼՄ-ների, կառավարութան, հասարակական կազմակերպությունների իրականացրած ինֆորմացիոն արշավը, քննարկումները: «Խնդիրը կարևորվեց ժողովրդագրական ռիսկերի տեսակետից: Հենց այդ քարոզարշավն էր, որ հանգեցրեց դրական ցուցանիշի: Օրենքի շուրջ ծավալված քննարկումներն ավելի կարևոր դեր խաղացին: Այն ինֆորմացիոն քարոզարշավի դեր կատարեց հասարակությանը խնդրին իրազեկելու համար»,-ասաց նա:

Օրենքով արգելվեց սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, բժիշկների համար սահմանվեց ադմինիստրատիվ պատիժ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում կատարելու համար:

Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի կարծիքով ևս ԱՆ-ի ջանքերով իրականացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններն են նպաստել սեռերի անհամամասնության նվազմանը:

«Բացի այդ՝ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ քարոզչական աշխատանք է կատարում ՀՀ առողջապահության նախարարությունը աղջկա դերը հասարակությունում բարձրացնելու նպատակով»,-ասաց նա:

Նախորդ տարի իրականացվել է 6 500 հղիության արհեստական ընդհատում,1 400-ը՝ բժշկական ցուցումներով: «Ցուցանիշն իջել է նախորդ տարիների համեմատ: 2000 թվականին մեկ կնոջը բաժին էր ընկնում 2.6 հղիության արհեստական ընդհատում, 2015-ին՝ 0.6»,-ասաց Ավագյանն ու հավելեց՝ արհեստական ընդհատումների թվի իջեցումն ակնհայտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս