Բաժիններ՝

Samsung Electronics-ի ղեկավարը հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին

Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրողի՝ Samsung Electronics-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ եւ ղեկավար Քվոն Օ Հյունը հայտարարել է, որ հեռանում է ընկերությունից: Այդ մասին հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում:

Հաղորդագրության համաձայն, Օ Հյունը չի վերընտրվելու 2018 թվականի մարտին նրա լիազորությունների ժամկետի լրանալուց հետո: Հայտարարությունն արվել է Samsung-ի շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Օգոստոսի վերջին Samsung ընկերության ղեկավար Լի Չժե Յոնը Հարավային Կորեայի դատարանի կողմից հինգ տարվա բանտային կալանքի է դատապարտվել կաշառակերության, վատնումների, անօրինական եկամուտները թաքցնելու, միջոցներն անօրինական ճանապարհով արտասահման փոխանցելու եւ սուտ վկայություն տալու մեջ:

Ինչպես սպասվում է, Լի Չժե Յոնը կբողոքարկի այդ որոշումը: Դատախազությունը նրա համար պահանջել է 12 տարվա բանտային կալանք: Samsung Electronics-ը էլեկտրոնիկայի՝ կիսահաղորդիչների, հեռահաղորդակցական սարքավորուների, հիշողության չիպերի, հեղուկաբյուրեղային դիսփլեյների, շարժական հեռախոսների եւ մոնիթորների միջազգային արտադրող-ընկերություն է: Նրա կենտրոնակայանը գտնվում է Սեուլում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս