
Պենտագոնը ձեռնամուխ է եղել ակնթարթային գլոբալ հարվածի համալիրների ստեղծմանը

Պենտագոնն արդեն ձեռնամուխ է եղել ակնթարթային գլոբալ հարվածի հեռանկարային համալիրների ստեղծմանը: Այդ մասին հակահրթիռային պաշտպանության շուրջ ռուս-չինական բրիֆինգի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Եմելյանովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Նրա խոսքով՝ այդ համալիրները կոչված են ապահովելու ԱՄՆ-ի ունակությունը «զինաթափող» հարված հասցնել Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմավարական միջուկային ուժերին: ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Պենտագոնի այդ գործողությունները այն հավելյալ գործոնն է, որը հաստատում է աշխարհում հաստատված ուժերի հաշվեկշիռը փոխելու Վաշինգտոնի ձգտումը:
Ակնթարթային գլոբալ հարվածի համակարգերը ոչ միջուկային բարձրճշգրիտ համակարգեր են, որոնք թույլ են տալիս օպերատիվորեն՝ որոշման ընդունման պահից 60 րոպեի ընթացքում, հարված հասցնել աշխարհի ցանկացած նպատակակետի: