«Էրդողանի մտերիմների մուտքը ԱՄՆ կարգելվի». թուրք լրագրող
Թուրք լրագրող Նեվզաթ Չիչեքը, «CNNTurk» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոյան տեսակետ» հաղորդման ընթացքում, անդրադառնալով թուրք-ամերիկյան ճգնաժամին, ուշագրավ հայտարարություն է արել։
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չիչեքը հայտնել է, որ կան խոսակցություններ, թե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ծագած դիվանագիտական լարվածության պատճառով, ԱՄն իշխանությունները Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող շուրջ 283 հոգու մուտքը կարգելեն իրենց երկիր։ Չիչեքը պնդել է, որ այս լուրի իսկությունը հաստատվել է գործարար շրջանակների կողմից ևս։
Լրագրողը հայտնել է, որ վերոնշյալ անձանց մեջ կան պաշտոնատար անձինք, նախկին նախարարներ։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին: