«Ընթացիկ տարվա համար ստանալու ենք 17 մլն դոլար ֆինանսավորում՝ Հայաստանում մեր ծրագրերի իրականացման համար». Դեբորա Գրեզեր

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրեզերն ասաց, որ ընթացիկ տարվա համար ստանալու են 17մլն դոլար ֆինանսավորում՝ Հայաստանում իրենց ծրագրերի իրականացման համար. «Այդ միջոցները կուղղվեն տուրիզմի զարգացմանը, էներգետիկ ոլորտին, ժողովրդավարական բլոկի ծրագրերին»:

Հարցին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» կազմակերպության համաձայն՝ Հայաստանը կոռուպցիոն առումով ռիսկային երկիր է, լավ դիրքերում չի գտնվում, այդչափ օգնություն տրամադրելով Հայաստանին՝ մտավախություն չունե՞ն, որ դրանք մսխվելու են, այլ ոչ թե ծառայելու են նպատակին, Դեբորա Գրեզերն այսպես պատասխանեց.

«Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանը կատարում է քայլեր, միգուցե դրանք փոքր քայլեր են, բայց մեր գնահատմամբ՝ դրանք ճիշտ ուղղությամբ քայլեր են»:

Նա նաև նշեց, որ մոտ օրերս ինքն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախատեսում են հանդիպում ունենալ ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելու ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործողությունները. «Մենք՝ որպես Միջազգային զարգացման գործակալություն, չենք ցանկանում առաջատար դիրք գրավել այդ աշխատանքների կատարման հարցում, այլ ցանկանում ենք օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնություններին: Մենք այժմ գտնվում ենք քննարկման փուլում, թե ինչ նպատակների կարող ենք ուղղել մեր կողմից հատկացվելիք 800 հազար դոլարը»: Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս