«Եկող տարվա համար Հայաստանին տրվող գումարը մեծանալու է». Ռիչարդ Միլս

«Դեռևս 1992 թվականին պետքարտուղարությունում ես այն պաշտոնյան էի, որ Հայաստանի հետ կապված հարցերով էր զբաղվում և առաջին պաշտոնյան էի, ով հետևում էր հայաստանյան զարգացումներին՝ ամենօրյա կտրվածքով»,- լրագրողների հետ զրույցում, ամփոփելով Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյակը, ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«Որպես օտարերկրացի՝ ես ավելի հստակ տեսնում եմ այն փաստերը, ավելին՝ տեսնում եմ այն առաջընթացը, որ այս 25 տարիների ընթացքում կատարվել է և այդ առաջընթացում իր զգալի մեծ ներդրումն է ունեցել ԱՄՆ ՄԶԳ-ն»,- ասաց նա։

Նրա խոսքով, այս տարիների ընթացքում ձեռքբերումները շատ են եղել, մինդչեռ անելիքներ էլ դեռ շատ կան։

Դեսպանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ աշխատանքի ուշադրության կենտրոնում եղել են նաև կոռուպցիայի դեմ քայլերը և կառավարության աշխատանքը հասարակությանը մատուցվող ծառայությունների հանդեպ։

«Ուրախ եմ, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը գերակա խնդիր է հռչակել և այդ ուղղությամբ քայլեր են իրականացնում»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե այս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն 1 մլրդ դոլար է ծախսել և ինչպիսին է լինելու հետագայում տրամադրվելիք գումարը՝ դեսպան Միլսն ընդգծեց, որ գումարը տարեցտարի փոփոխվում է։

Միլսի խոսքով, իրենց նպատակը երբևէ չի եղել այն, որ ՄԶԳ-ն միշտ լինի Հայաստանում, այլ փորձ է արվել օգնել ձևավորել կարողություններ, մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանը զբաղվի տարաբնույթ հարցերով:

«Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ եկող տարվա համար Հայաստանին տրվող գումարը մեծանալու է, բայց պետք է նաև գիտակցել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն մշտապես չի լինելու Հայաստանում, նպատակը եղել է օգնել ձևավորել մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանն ինքը զբաղվի տարաբնույթ հարցերով»,- նշեց դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս