Բաժիններ՝

Apple-ը կզբաղվի Սթիվեն Սփիլբերգի սերիալի շարունակության արտադրությամբ. WSJ

Apple կորպորացիան կզբաղվի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» ֆանտաստիկ սերիալի շարունակության արտադրությամբ: Այդ մասին հոկտեմբերի 10-ին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է The Wall Street Journal թերթը։

Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ Apple-ը, որը որոշել է ձեռնամուխ լինել օրիգինալ տեսակոնտենտի արտադրությանը, համաձայնագիր է կնքել Սփիլբերգի Amblin Television ընկերության եւ NBC հեռուստացանցի սեփականատեր Comcast կոնգլոմերատի հետ եւ մասնակցելու է 1980-ական թվականներին հեռուստաէկրաններ բարձրացած «Զարմանալի պատմությունների» տասը նոր էպիզոդների արտադրությանը: Ինչպես նշում է հրատարակությունը, յուրաքանչյուր սերիայի ստեղծման համար պլանավորվում է ծախսել ավելի քան 5 մլն դոլար:

«Զարմանալի պատմությունների» շարունակությունը կդառնա Apple-ի մասնակցությամբ առաջին հեռուստանախագիծը այն բանից հետո, երբ նա Sony ընկերությունից վարձեց նախկին պրոդյուսերների՝ նրանց հանձնարարելով զբաղվել կորպորացիայի համար սեփական տեսակոնտենտի մշակմամբ: Նոր նախագծի եւ նրա թողարկման հնարավոր ամսաթվի մանրամասները հայտնի չեն: Դրա հետ մեկտեղ, The Wall Street Journal-ի տվյալներով, Սփիլբերգը հանդես կգա որպես նախագծի գործադիր պրոդյուսեր:

Նաեւ աշխատանքում կներգրավվի ժողովրդականություն վայելող սցենարիստ եւ պրոդյուսեր Բրայան Ֆուլլերը, որը հայտնի է NBC-ի «Հաննիբալ» սերիալի (2013-2015 թվականներ) ստեղծմամբ: «Զարմանալի պատմությունները» Սփիլբերգի կողմից պրոդյուսերավորված ֆանտաստիկ հեռուստասերիալ է՝ հորրորի տարրերով, որը ԱՄՆ-ի NBC հեռուստաալիքով թողարկվել Է 1985-1987 թվականներին:

Ընդամենը ցուցադրվել Է երկու եթերաշրջան: Որպես մի քանի սերիաների բեմադրողներ են հանդես եկել ինչպես Սփիլբերգն ինքը, այնպես էլ բազմաթիվ այլ հայտնի ռեժիսորներ, ներառյալ Մարտին Սքորսեզեն եւ Ռոբերտ Զեմեկիսը: Սերիալն անվանակարգվել է «Էմմի»-ի 12 հեղինակավոր մրցանակների՝ արդյունքում ստանալով հինգ պարգեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս