Բաժիններ՝

Կառլես Պուչդեմոնը ստորագրել է անկախության հռչակագիրը

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները հոկտեմբերի 10-ի երեկոյան ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, սակայն այն դեռեւս ուժի մեջ չի մտնում: Ստորագրման արարողությունից արված լուսանկարը զետեղված է Twitter-ում կատալոնական կառավարության պաշտոնական էջում:

«Հիմնում ենք Կատալոնիայի Հանրապետությունը՝ որպես անկախ եւ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»,- ազդարարում է փաստաթղթի տեքստը, որը վերնագրված է «Կատալոնիայի ժողովրդական ներկայացուցիչների հռչակագիրը»:

Տեքստում նաեւ հռչակվում է «Անցումային շրջանի մասին օրենքի ուժի մեջ մտնելը հանրապետության դատական եւ հիմնարար ինստիտուտների համար»: Կատալոնիան նաեւ կոչ է անում «միջազգային հանրակցությանը եւ Եվրամիությանը՝ միջամտել, որպեսզի դատապարտվեն քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների խախտումները, եւ ուղեկցել իսպանական պետության հետ Կատալոնիայի բանակցային գործընթացը՝ դառնալով դրա վկան»: «Կոչ ենք անում պետություններին ու միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել Կատալոնիայի Հանրապետությունը որպես անկախ ու ինքնիշխան պետություն»,- ասված է փաստաթղթում:

Ենթադրվում է, որ հաստատման համար փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի խորհրդարանում, եթե ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Բարսելմոնայի եւ Մադրիդի բանակցություններն անհաջողության մատնվեն: Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան, մեկնաբանելով կատալոնական իշխանությունների գործողությունները, հայտարարել է, որ Պուչդեմոնը պետք է վերադառնա իրավունքի ուղուն, եթե բանակցություններ է ցանկանում: Հոկտեմբերի 11-ին իսպանական կառավարությունը նիստ է գումարելու, որպեսզի որոշում ընդունի իր հետագա գործողությունների վերաբերյալ:

Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին, քվեարկածների ավելի քան 90 տոկոսը հանդես է եկել Իսպանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալու օգտին: Կենտրոնական իշխանությունը փորձել է խանգարել հանրաքվեի անցկացմանը՝ այդ թվում՝ կիրառելով ուժային մեթոդներ: Տուժել է 893 մարդ: Մադրիդը չի ճանաչում կատալոնացիների կամաարտահայտման արդյունքները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս