«Առաջարկել եմ՝ դպրոցների պատերն ավելի արդյունավետ օգտագործել և կախել բազմապատկման աղյուսակներ». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մոտ  8 տարի է՝ դպրոցների տնօրեններին հարցնում են, թե՝ Սերժ Սարգսյանի նկարն ինչո՞ւ եք ամրացրել պատին, և ստանում են տարբեր պատասխաններ, թե՝ նախարարի հրաման կա, նախարարության որոշում կա, կառավարության որոշում կա.

«Երբ ասում ենք՝ ցույց տվեք այդ որոշումը, ասում են՝ կուղարկեն։ Նախորդ ամառ դիմեցինք Լևոն Մկրտչյանին, թե արդյո՞ք կա որևէ իրավական ակտ, որը սահմանում է դա։ Տեղակալ Մանուկ Մկրտչյանն ուղարկեց երկու տող, որ չկա որևէ իրավական ակտ ՀՀ-ում, որ նման բան սահմանի։ Այսինքն՝ տնօրեններին խաբել են, նրանք էլ բոլորին են խաբում»։

Բարսեղյանն ասաց, որ մոտ 30 դպրոցի տնօրենից հետաքրքրվել են, թե որտեղի՞ց են ձեռք բերում նկարը, ի՞նչ արժեք ունի, և այլն, և բոլորը տարբեր պատասխաններ են տվել, թե նվեր են ստացել, ազգային խորհրդանիշ է, և այլն. «Երևանի 11-րդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, որը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, ասում է՝ գիտե՞ք՝ մենք բոլոր դասարաններում ենք այդ նկարը կախում։ Հետո պարզվեց, որ իսկապես Երևանում մի շարք դպրոցներ կան, որտեղ բոլոր դասարաններում կախված են այդ նկարները։ Ես առաջարկել եմ՝ դպրոցների պատերն ավելի արդյունավետ օգտագործել և կախել բազմապատկման աղյուսակներ, տարբեր լեզուներով բառեր, և այլն, ասում են՝ չէ։ Դպրոցների քաղաքականացումն ակնհայտ է, բռնատիրության անցնող դպրոցների պատկերն է»։

Ըստ Բարսեղյանի՝ դա պրոպագանդա է, որն ազդում է երեխաների և ծնողների վրա. «Երեխան ու նրա ծնողը 12 տարի մտնում են դպրոց, տեսնում են՝ «ճշտի» նկարը կախված է պատից, դա ազդում է զանգվածային մտածողության վրա։ Այս ամբողջի ազդեցությունը վերացնելու համար քաղաքական կամք է պետք, բայց իշխանությունը կամ պետությունը կուզենա՞ն նման բան անել, ես խիստ կասկածում եմ»։

Տեսանյութեր

Լրահոս