«Այս խմորը շատ ջուր է տանելու». Պեդրո Ագրամունտի հրաժարականն անակնկալ չէր

«ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականն անակնկալ չէր, պարզ էր, որ նա պետք է հեռանար: Լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն որոշակի հետազոտություն սկսի, թե ինչ ծագումնաբանություն ունեն այն որոշումները, որ, ի վերջո, խթան դարձան քառօրյա պատերազմի համար»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահի հրաժարականը:

Ըստ նրա` այն ժամանակ ասվում էր, որ նման որոշումներով Ադրբեջանը փորձում է հիմք ստեղծել պատերազմական գործողությունները վերսկսելու համար: Դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ վճիռներն անտեսելու պատճառով հնարավոր է ԵԽ-ից Ադրբեջանի հեռացման գործընթաց սկսվի, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ ավելի շատ պետք է աշխատել ՄԻԵԴ վճիռները Ադրբեջանին կատարել պարտադրելու ուղությամբ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` Պեդրո Ագրամունտով հարցը չի սահմանափակվելու, գնում է հետաքնություն.

«Այս խմորը շատ ջուր է տանելու: Պատահական չէ, որ եվրոպական տարբեր երկրներում արդեն հետաքննութուններ են շարունակվում կոռուպցիոն երևույթների մասին և, ինձ թվում է, արձագանքները մենք կլսենք: Եթե այս անդրադարձը չլիներ, ինձ թվում է, դա բավականին լուրջ հեղինակազրկում կլիներ եվրոպական նման հեղինակավոր կառույցի համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս